Դիտում ՝ 21 459
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը Իրանի դեմ ադրբեջանական տարածքն օգտագործելու մասին։
«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի անհիմն և սադրիչ հայտարարությունները՝ Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ, կամ ավելի ճշգրիտ՝ այն մասին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակումն իրականացրել են Ադրբեջանի տարածքից»։
Այդ պնդումները վնասում են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու վրա։
Հաշվի առնելով Իրանի նախագահի հետ Ադրբեջանի նախագահի վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում արտահայտված դիրքորոշումը, ինչպես նաև իր գործընկերոջ հետ արտգործնախարարի հեռախոսազրույցի ընթացքում պատշաճ կերպով պարզաբանված դիրքորոշումը, մենք Իրանի դեսպանի հայտարարությունները բացահայտ սադրանք ենք համարում։
Ադրբեջանը կտրականապես մերժում է իր օդային կամ ցամաքային տարածքը որևէ պետության կողմից օգտագործելու մասին մեղադրանքները՝ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Նման պնդումներն անհիմն են, և դրանք հաստատող որևէ հեղինակավոր ապացույց չկա։
«Ակնկալում ենք, որ Իրանը կկանխի նման քայլերը, որոնք չեն համապատասխանում մեր հարաբերությունների ոգուն, և կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ դեսպանի հայտարարությունների առնչությամբ, որն իր երկիրը ներկայացնելու փոխարեն պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում», -նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։