Սպասենք հետաքննության արդյունքներին․ Մեհդի Սոբհանին՝ Ադրբեջանի տարածքից իր երկրին հարվածելու մասին

«Այո, մենք ինչ-որ տեղեկություն ստացանք, ըստ որի` որոշակի թվով փոքր ԱԹՍ-ներ հարևան երկրներից մեր տարածք են մտել։ Այդ իսկ պատճառով Իրանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցում մեր նախագահը նրանից խնդրեց, որպեսզի շատ լուրջ հետաքննություն իրականացվի այդ ուղղությամբ․ սպասենք՝ տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքները ինչպիսին կլինեն։ Հենց հետաքննության արդյունքները հստակ լինեն, մենք որոշում կկայացնենք՝ ինչպես արձագանքել։ Հնարավոր է և հավանական է, որ մեր թշնամի սիոնիստական ռեժիմը հարևան երկրի տարածքից օգտված լինի։ Սակայն ադրբեջանական կողմը մեզ վստահեցրել է՝ թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի։ Բայց սիոնիստական ռեժիմին շատ լավ ճանաչում եք, նրանք ոչ մի կանոնի, օրենքի հավատարիմ չեն, ուստի, որ հնարավոր է առիթն օգտագործած լինեն՝ կարող է»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն Մեհդի Սոբհանին։

Դեսպանը հստակեցրեց՝ իրանական հետախուզական համակարգն է արձանագրումն արել և դիմել են Ադրբեջանին, բայց կսպասեն պաշտոնական աղբյուրների հաստատումներին։
ՄԱԱ նախագահի դիտարկմանը՝ Թեհրանի համար արժանահավատ կլինե՞ն Ադրբեջանի տրամադրած տեղեկությունները, քանի որ մենք Ադրբեջանին էլ ենք լավ ճանաչում՝ դեսպանը հստակ չպատասխանեց, կրկնեց՝ կսպասեն պաշտոնական հաստատումներին կամ հերքումներին։

Leave a Comment