Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Գերմանիայի կանցլերին՝ նրան անվանելով «ագրեսորի ջատագով»

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելին աջակցություն հայտնելու համար, հաղորդում է Mehr-ը։
Ուրբաթ օրն X սոցիալական ցանցում գերմաներենով հրապարակված գրառման մեջ Էսմայիլ Բաղային քննադատել է Մերցին՝ «պատմության սխալ կողմում իր դիրքորոշումն ամրապնդելու համար՝ իրեն ներկայացնելով որպես ցեղասպանություն իրականացնող ագրեսորի անսասան կողմնակից և աջակից»։
«Խորապես ամոթալի է, երբ պետական ​​գործիչն անտեսում է ագրեսիայի ակնհայտ ակտը և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները, առավել ևս՝ դրանք արդարացնելու փորձերը։ Երբ Գերմանիայի նման երկրի կառավարության ղեկավարը, 1945 թվականի Բեռլինի ժառանգությամբ, անտեսում է «Այլևս երբեք մի՛ պատերազմեք» նախազգուշացումը և աջակցում է Իսրայելի ագրեսիային, ռազմական հանցագործություններին և ցեղասպանությանը, նա ոչ միայն հեռանում է պատմության բարոյական սկզբունքներից, այլև խախտում է գերմանացի ժողովրդի կոլեկտիվ խիղճը», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նրա խոսքով՝ Իրանը «չի մոռանա նրանց, ովքեր մի ժամանակ Սադամին քիմիական զենք էին մատակարարում, և նրանց, ովքեր այսօր կրկին ծափահարում են, երբ միջազգային իրավունքը խախտվում է»։
«Պատմությունը հեշտ չէ մոռանալ, և ազգերի հիշողությունը երկար է», – հավելել է Բաղաեին։

Leave a Comment