Փեզեշքիանն Ալիևի հետ հեռախոսազրույցում խոսել է Ադրբեջանի տարածքով դեպի Իրան իսրայելական ԱԹՍ-ների հնարավոր թռիչքի մասին

Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Իրանի վրա հարձակման նպատակով Ադրբեջանի տարածքով իսրայելական անօդաչու թռչող սարքերի հնարավոր թռիչքի մասին հաղորդագրություններին, հայտնում է Irna-ն։

Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգության հետ կապված բոլոր ասպեկտներին և ընդգծել է ստացվող տեղեկատվությունը թափանցիկության և փոխադարձ հարգանքի ոգով ստուգելու անհրաժեշտությունը:

«Իրանը մշտապես որդեգրել է բարիդրացիության քաղաքականություն և հանդես է գալիս տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական կապերի զարգացման օգտին», – ընդգծել է նա:

Ալիևը բացառել է Իրանի տարածքին հարվածներ հասցնելու համար իր օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը: «Մենք Իրանը դիտարկում ենք որպես բարեկամական և եղբայրական պետություն, և թույլ չենք տա, որ մեր տարածքը կամ օդային տարածքն օգտագործվի այդ սկզբունքին հակասող նպատակներով»,- ասել է նա։

Իրանի դեմ Իսրայելի գործողության մեջ Ադրբեջանի ներգրավվածության մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հունիսի 17-ին հայտնել էր, որ Իրանն Ադրբեջանի ներգրավվածության փաստեր չունի։

Leave a Comment