ՀԷՑ-ը պետք է ազատագրվի ոչ միայն Տաշիր Սամոյից, այլև բաժանորդների հաշվին հարստացած պաշտոնյաներից

Էլեկտրամատակարարման հարցը Հայաստանում տարիներ շարունակ գտնվել է քարե դարի վիճակում։ Այդ համակարգում նույնիսկ բան չփոխվեց, երբ 2015 թվականին, հայտնի «էլեկտրիկ Երևան» օպերացիայից հետո ՀԷՑ-ը հանձնեցին Սամվել Կարապետյանին։

Թվում էր, թե ռուսաստանցի օլիգարխը ձեռք բերելով ՀԷՑ-ը՝ գոնե որոշ չափավ կբարելավեր էլեկտրաէներգիայի մատակարարման որակը։ Եղավ ճիշտ հակառակը։

Էլեկտրաէներգայի մատակարարման խափանումները ոչ թե վերացան, այլև ավելի հաճախակի դարձան։ Հոսանքի տատանումների ու հաճախակի անջատումների պատճառով ՀՀ քաղաքացիներն այս տարիների ընթացքում միլիոնավոր դոլարների վնաս են կրել, որոնք այդպես էլ չեն փոխհատուցվել։

Օրինակները բազմաթիվ են, երբ էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով հազարավոր մարդկանց կենցաղային տեխնիկան շարքից դուրս է եկել և դրա համար որևէ փոխհատուցում չի եղել։ Ավելին, էլեկտրաէներգայի խափանումների պատճառով անցած տարիների ընթացքում տուժել են և շարունակում են տուժել բազմաթիվ ձեռնարկություններ և փոքր ու խոշոր գործարարներ, որոնց կրած ֆինանսական վնասները նույնպես գրեթե երբեք չեն փոխհատուցվել։

Մինչդեռ այդ նույն ՀԷՑ-ը, իր այսպես ասած էլեկտրիկների մաֆիայով, միշտ տեռորի է ենթարկել քաղաքացիներին՝ օգտագործած էլեկտրաէներգիայի համար ավել գումարներ գրելով։ Ավելին, հոսանքի վարձավճարները մեկ օր ուշացնելու համար ՀԷՑ-ի աշխատակիցները միանգամից հոսանքազրկել են բաժանորդների բնակարանները, առանց հաշվի առնելու տվյալ մարդկանց սոցիալական վիճակը։ Սա տաշիր Սամոյի պահած ՀԷՑ-ի գործելաոճի ընդհանուր պատկերն է։

Բնականաբար այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ տարբեր պաշտոններ են զբաղեցրել Հայաստանի ամենառազմավարական ենթակառուցվածքներից մեկում։ ՀԷՑ-ում՝ տարբեր բարձր ու ցածր պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ բաժանորդների հաշվին միլիոններ են վաստակել, որոնք մարդկանց վերջին կոպեկը խլել են, բայց իրենց գործը կատարել են կամ շատ վատ ու փնթի, կամ ընդհանրապես ոչինչ չեն արել և վայելել են իրենց պաշտոնները։

Իրականում այդ մարդիկ նույնպես ունեն իրենց մեղքի բաժինը՝ ՀԷՑ-ը մեղմ ասած կործանելու գործում, և պարտավոր են իրենց բաժին պատասխանատվությունը կրել, թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես։

ՀԷՑ-ը պետք է ազատագրվի ոչ միայն Տաշիր Սամոյից, այլ այդ մարդկանցից, որոնք տարիներ շարունակ թալանել են բաժանորդներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment