Առաջին դասարանցիների հայտագրման համակարգի տեխնիկական խափանումները և դպրոցների անհավասար զարգացումը․ «Դպրություն»

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման բուն գործընթացը մեկնարկեց հունիսի 9-ից և իրականացվեց 3 փուլով։

Հայտագրման գործընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։ Քաղաքապետարանը չունի որևէ գործառույթ դպրոցներում տեղերի սահմանափակման, ավելացման, նոր դասարաններ բացելու համար, այդ ամենը վերահսկվում է ԿԳՄՍ-ի կողմից։                                                         

Ինչո՞ւ առաջացավ առաջին դասարանցիների՝ դպրոց ընդունելության այս կարգի կարիքը, որքանո՞վ է այն արդարացված և ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։

Սերոբ Խաչատրյան

«Առաջին դասարանցիների հայտագրման համակարգը ներդրվեց, որովհետև մեր ծնողների մոտ կա ընկալում, որ Հայաստանի դպրոցները հավասար, համաչափ զարգացած չեն։ Ծնողները մտածում են, որ Երևան քաղաքում կան լավ և վատ դպրոցներ։ Հաճախ լավ դպրոց համարվում է այն դպրոցը, որն ունի տարիներով եկած ավանդույթներ, կամ ունի լավ շենք, վերջերս է վերանորոգվել, ունի լավ լաբորատորիաներ, դահլիճներ, մեծ հնարավորություններ, և կան դպրոցներ, որոնք, անկախ իրենց շենքային պայմաններից, ունեն որոշակի դրական վարկանիշ, և ծնողները դիմում են նաև այդ դպրոցներ։ Այստեղից ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, հատկապես, պետք է հետևություն անեն, որ ունենք դպրոցների համաչափ զարգացման խնդիր։ Եվ հայտագրման գործընթացը ցույց է տալիս, որ Հայաստանի կրթության համակարգը շարունակում է մնալ անհամաչափ զարգացած»,– ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ խաչատրյանը։

Նունե Ավետիսյան

«Հայտագրման խնդրին ես բախվեցի այս տարի։ Առաջնեկս պետք է հաճախի առաջին դասարան և ընտրել էի իմ տանն ավելի մոտ դպրոց։ Դպրոցը նոր վերանորոգված է և բավականին մեծ պահանջարկ ունի, բայց մենք, որպես առաջնահերթություն՝ դիտարկել էինք անմիջապես մեր շենքի հարևանությամբ գտնվող դպրոցը, քանի որ ես աշխատում եմ, փոքր բալիկս մանկապարտեզ է հաճախում։ Մեզ համար դա կարևոր էր։ Ցավոք, մեզ մոտ խնդիրներ առաջացան հայտագրման ժամանակ։ Համակարգի բացվելուց հետո 4–5 րոպե կայքը դեռ չէր գործում, հնարավորություն չունեինք, որ լրացնեինք։ Հետո, երբ բացվեց, արդեն տեղերը լրացված էին։ Մենք հայտագրվում էինք 2–րդ փուլով և ավելի քիչ հնարավորություն ունեինք։ Երբ կարդացի, թե գործընթացի պատասխանատուները ինչպիսի պարզաբանումներ են տալիս հարցի վերաբերյալ, ճիշտն ասած, ինձ համար այդքան հասկանալի և ընդունելի չէ։ Ինչո՞ւ, որովհետև 45 000 կամ 50 000 մարդ, եթե  միանգամից մուտք է գործում համակարգ ու համակարգը չի դիմանում, դա նշանակում է անվտանգային առումով ևս կան խնդիրներ։ Այսինքն՝ պետք է մտածել, քանի որ արդեն մի քանի տարի այս խնդիրը կա և չի լուծվում»,– մտահոգվում է առաջին դասարանցու ծնող Նունե Ավետիսյանը։

Leave a Comment