Մեկ տարի առաջ այս օրերին
Գարեգին Բ-ի գիտությամբ և օրհնությամբ փողոց
դուրս եկած, Տավուշից Երևան հասնելուն պես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած,
վերջինիս «նեռ», «չարիք» անվանած Վազգեն Գալստանյանը եկեղեցուն ծառայելուն, Աստծո խոսքը
քարոզելուն զուգահեռ, պարզվում է, զբաղված է նաև իշխանությունը յուրացնելու ահաբեկչական պլան քննարկելով։ Հուսանք՝ քննարկման ընթացքում «սրբազան հայրը» եղել
է առանց վեղարի ու հանել լանջախաչը։ Վկան է Աստված։
Դեռ երեկ, երբ сivic.am-ը հրապարակեց ընդդիմության «հեղաշրջման պլանը», ընդդիմադիր մի շարք պատգամավորներ՝ այդ թվում որդի Քոչարյանը,
հեգնանքով արձագանքեցին՝ իշխանության գրասենյակներում է մշակվել այդ՝ մի քանի էջանոց ու քայլերի հաջորդականություն
ենթադրող «օպերացիան», կամ էլ՝ արհեստական
բանականության արտադրանքն է, «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Գեղամ Մանուկյանն էլ «պլանի» մասին իր ասելիքն այսպես
էր ձևակերպել․ «Հրապարակված «փաստաթղթով» ոգևորվածներ ու իրար հերթ չտալով զայրացկոտ ստստուսներ գրողներ, այդ թղթերի մեջ ամենաուշագրավը ՊԼԱՆ բառն է։ Մոգոնողը պլանը ծխել է ու վերնագրել պլան… Դե իրենց մոտ սովորական է դա»։ Թե ինչն է սովորական, մասնավորապես,
ՀՅԴ-ի մոտ և ՀՅԴ-ի համար՝ դեռ կանդրադառնանք։
Այսօր առավոտյան, երբ Քննչական կոմիտեն հրապարակեց
Բագրատ Գալստանյանի և նրա քաղաքական, բարոյական, ինչպես նաև հյուսիսային և այլերկրյա
հովանավորների հղացած ահաբեկչական, իշխանությունը
յուրացնելու «պլանի» մասին վկայող ձայնագրություններից հատվածներ, Գեղամ Մանուկյանը,
որդի Քոչարյանը, դաշնակցությունն ու մյուս ընդդիմադիրները, ենթադրում ենք, հանգիստ
նստել են տեղներն ու հետևություններ են անում։ Ասենք այսպիսի՝ արդյոք պլա՞ն, թե՞ այլ հոգեմետ դեղի ազդեցության տակ էր Վազգեն
Գալստանյանը մասնակցում մի քննարկման, որի
ընթացքում «խորը անասուն ազգ» անվանում այն
ազգի ներկայացուցիչներին, որի վարչապետը դառնալու հավակնություններ ուներ մեկ տարի
առաջ և որի աջակցությամբ էլ մտադիր էր իրականացնել վերոհիշյալ օպերացիան։ «Պլանի»՞, թե՞ «էքստազիի»
ազդեցության տակ էր նույն Գալստանյանն ազդարարում, թե հանրահավաքային պայքարին պետք է վերջ տրվի, պըրծ,
պետք է գործողություն և ճնշում։ Որ նախկին
հրամանատարներ, ոստիկաններ, լուրջ տղերք կան, որոնց աջակցությամբ էլ, ենթադրաբար, պետք
է իրականացվեին ճնշումն ու գործողությունը։ Այն է՝ ԱԺ-ի շրջափակում, պայթյուն-մայթյուն,
սրանց էլ՝ իշխանությանը, ջարդել, վերացնել։
Պլանի՞, թե՞ հալյուցինոգեն գժախոտի ազդեցության
տակ էր սրբազան հայրը այդքան թեթևությամբ ու հեշտանքով ազդարարում՝ «պատի տակ մի 2 հոգու գյուլլելու,
ընտանիքիներին էլ կոնպենսացիա տալու», կամ՝ մեռնելու, կամ էլ՝ մեռցնելու մասին։
«Պլանի», թե՞ կոկաինի ազդեցության տակ էր «հայր սուրբը» հորդորում
ահաբեկչությունը գետնի վրա իրականացնելուն զուգահեռ՝ նաև օնլայն տիրույթում աշխատել,
այն է՝ հաքերություն անել՝ ջարդել կառավարության
«սայթերը»՝ «մալբրի սիստեմը», որ «չկարանան աշխատեն, աշխատանքի պարալիզացում լինի,
«կառավարության սայթում» էլ նողկալի չարաճճիություն
անել՝ ՀՀ պետական խորհրդանիշի՝ «գերբի տեղը
դնել Նիկոլի նկարը՝ «սատանի պոզերով»․․․Աստված օգնական, սրբազան։
Հարկ
է նկատել, որ նման երևակայության ու արժեհամակարգի տեր բարձրաստիճան հոգևորականը
օրերս հարցազրույց էր տվել «Արևելք»-ին՝
ու մաֆիոզոի կեցվածք ընդունած հաթաթա տվել՝ «իշխանությունը շատ լավ գիտի, թե իրենք
ինչ են պատրաստում և ինչ են ուզում անել։
Ի դեպ, զինված հեղաշրջում անելու գաղափարի
ջատագովությամբ բացահայտ ու առանց կաշկանդվելու
զբաղված է մեկ այլ բարձրաստիճան հոգևորական՝
Վազգեն Գալստանյանի հոգևոր ուսուցիչ Միքայել
արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ընդ որում՝ նա այդ գաղափարն առաջ է քաշել 44-օրյա պատերազմի օրերին, ապա՝ վերստին կրկնել։
Հեղաշրջում, ռազմական, Դաշնակցություն ասացինք՝ հիշեցինք, որ ախր, շաբաթներ առաջ էլ սույն հոգևորականների մտքի ու սրտի ուզածի մասին խոսել էր նաև ՀՅԴ-կան Հրանտ Մարգարյանը՝ քրեական հանցակազմ ունեցող գործողությունների անունը
դնելով «պոռթկում»:
Ուշագրավ է, որ Գալստանյանի և մյուսների ծրագրած այսպես ասած «սրբազան պոռթկման» բացահայտման մասին հաղորդագրությունից հետո իրավապահները
խուզարկություններ են իրականացրել նաև մի խումբ ՀՅԴ-ականների բնակարաններում։ Հիշեցնենք՝
Բագրատ Գալստանյանին սրբազան շարժման օրերին ուղեկցում էր ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ
Դանիելյանը։ Աստված օգնական ամենքին։
Նշենք, որ Վազգեն Գալստանյանը և մի խումբ այլ
անձինք ձերբակալվել են:
Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության և զանգվածային անկարգության հոդվածներով։
Հեղինե Մանուկյան