Թումանյանը ժամանակակիցների հուշերում. «Գրեթե 100 տարի» — Հայաստանի Հանրային Ռադիո

Թումանյանի կենդանության օրոք նրա հետ առնչված 3 հայտնի մտավորականների՝ գրողներ Գուրգեն Մահարիի, Վաղարշակ Նորենցի և ազգագրագետ Սերիկ Դավթյանի հուշերն ու տպավորությունները՝ արձանագրված ժապավենների վրա, Հանրային ձայնասփյուռի գանձերից են:

Գուրգեն Մահարին 12 տարեկան էր, երբ իր ծննդավայր Վանում հանդիպեց Թումանյանին: Մահարին իր հուշերը ներկայացրել է 1969 թվականին՝ մեծ գրողի 100 ամյակի առիթով: Իսկ Վաղարշակ Նորենցը 1964-ին ռադիոյի տաղավարում պատմել է, թե ինչպես 1917թ․ ամռանը առաջին անգամ հանդիպեց Թումանյանին:

Որպես հայ գորղների որդեգիր՝ պատանի Վաղարշակը 7 տարի վայելել է մարդկային անկրկնելի հմայքով Թումանյանի ներկայությունը, ով եղել է իր գրական առաջին քայլերի քաջալերողը, հուսադրող և ներշնչող իր դաստիարակը:

Հայտնի ազգագրագետ, մանկավարժ, ստալինյան բռնաճնշումների զոհ Սերիկ Դավթյանի հուշերը Թումանյանի մասին ձայնագրվել են 1964 թվականին:

Նա պատմում է, թե ինչպես պատանեկան տարիներից այցելել է Թումանյանին՝ նրան ներկայացնելով իր հավաքագրած բանահյուսական նյութերը:

Թումանյանը չէր զլանում երկար-բարակ զրուցել օրիորդի հետ՝ հատկապես հեքիաթների մասին: Ս. Դավթյանը հիշում է՝ ինչպես էր Հովհաննես Թումանյանը իր որդիներից Արտավազդին՝ Արտիկին, որ զոհվեց ցեղասպանության ժամանակ, խնդրում էր ուղեկցել Սերիկին, երբ արդեն ուշ էր լինում:

Սերիկ Դավթյանը մանրամասներ է պատմում է նաև 1921 թվականին Թումանյանի հետ հանդիպման մասին: Ծանր քաղաքական վիճակ էր մեր երկրում, Թումանյանը Թիֆլիսից գալիս է Հայաստան՝ հասկանալու համար իրավիճակը և իր հեղինակությամբ հանդարտեցնելու կրքերը: Դիլիջանում նա իջևանում է Սերիկենց տանը: Ցուրտ ձմեռ էր:

Ս. Դավթյանը պատմում է, թե ինչ դժվարությամբ կառք և կառապան գտնվեց: Այդ կառապանը Թումանյանի երկրպագուներից էր, որ արհամարհելով անբարենպաստ եղանակը և վտանգավոր քաղաքական իրավիճակը, համաձայնեց մեծ հայրենասերին Երևան հասցնել:

Leave a Comment