Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Իրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։

«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական էսկալացիան ոչ միայն սպառնում է կյանքին, այլև թույլ չի տալիս մեզ գնալ դիվանագիտության ճանապարհով: Որպեսզի երկարաժամկետ երաշխիքներ ձեռք բերենք, որ Իրանը միջուկային զենք չի ստանա և կապահովվի գլոբալ զենքի չտարածման ռեժիմի շարունակական արդյունավետությունը, մենք պետք է վերադառնանք բանակցություններին»,- ասել է նա:

Գրոսսին հավելել է, որ պատրաստ է անհապաղ մեկնել Իրան և սկսել այնտեղ աշխատել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խմբի հետ որքան հնարավոր է շուտ։ Նա նաև ընդգծել է, որ պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու միջուկային օբյեկտների պաշտպանությունը։ Նրա կարծիքով՝ այլ ռազմական հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ ՄԱԳԱՏԷ-ն ի վիճակի է կատարել իր հիմնական գործառույթները և կանխել միջուկային միջադեպերը։

«Մենք կարող ենք չհամաձայնվել ներկայիս ճգնաժամի պատճառների և հետևանքների շուրջ, բայց կա ընդհանուր հայտարար. առաջինը, մենք չենք ցանկանում միջուկային վթար, երկրորդ, մենք չենք ուզում տեսնել ավելի շատ միջուկային զենք ունեցող պետություններ աշխարհում», – ընդգծել է Գրոսին իր ելույթում:

 

Leave a Comment