Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն հատկացրել է գրեթե 25 միլիարդ եվրո, բայց նա ավելին է պահանջում, Հունգարիան մտադիր չէ իր գումարները ուղարկել Կիև, ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։
«Միայն այս տարի Եվրամիությունը մոտ 24,8 միլիարդ եվրո հատկացրեց Ուկրաինային աջակցելու համար: Իսկ այսօր ասվեց, որ դա բավարար չէ, շատ ավելին է անհրաժեշտ», – ասել է Սիարտոն հունգարացի լրագրողներին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո:
Նախարարը հայտնել է, որ հանդիպմանը ներկա Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան «Եվրամիությունից պահանջել է արգելել Ռուսաստանից նավթ գնելը, Ուկրաինային ավելի շատ գումար տալ, ավելի շատ հեռահար ծանր զինատեսակներ ուղարկել Ուկրաինա», սակայն Հունգարիան «դիմադրել է ամեն ինչին»։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ թույլ չենք տա հունգարական գումարներ ուղարկել Ուկրաինա: Մենք պատրաստ չենք որևէ նոր ֆինանսական աջակցության, զենքի նոր մատակարարումների, որևէ նոր ռազմական գործողության», – ընդգծել է Սիարտոն: