Թուրքական կողմը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքների մասին

Քաղաքականություն

20.06.2025 | 21:58

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունը մանրամասներ է ներկայացրել Ստամբուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից։

Ըստ պաշտոնական Անկարայի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության գործընթացը, մեր տարածաշրջանին վերաբերող ներկա զարգացումները, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները։

«Նախագահ Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնագրի կարևորության վրա ներկայիս պայմաններում։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին՝ «բոլորը միասին շահում են (հաղթանակ-հաղթանակ`win-win) » մոտեցմամբ»», – ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար, և որ շարունակում է կապերը առաջնորդների հետ՝ վերացնելու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներով սկսված բռնության պարույրի հետևանքով առաջացած ռիսկերը», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a Comment