ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։
Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։

Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում և հայկական դպրոցում՝ տեղում ծանոթանալով կրթական ծրագրերին ու համայնքային նախաձեռնություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի առաջ։
Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել հունիսի 20-ին։ ՀՀ վարչապետը հունիսի 20-ին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։