Վերից, շատ վերից, քաղաքի լույսերն ասես ոսկեգույն երակներ լինեն, որոնց միջով լույս դարձած արյուն է հոսում։ Ներքևից` արդեն գետնի մակերևույթից, ձիթենու բունն այնպես ներհյուսված է աճել, ասես ծառը որոշել է արմատներն էլ վեր ուղղել։ Ինքնաթիռից՝ թռչնի բարձրությունից նայող հայացքն ու հողից կառչած, վեր ծավալվող ծառին հետևող հայացքը հակադրվում են վերև-ներքև հասկացողությամբ։ Հայացքը միակ բանն է, որ չի ենթարկվում ձգողականության օրենքին։
Ձիթենու ծառի դիրքից հայացքն ավելի երկար պատմություն ունի, քան ամպերից ներքև նայող հայացքը։ Բայց այդ երկրորդ հայացքը միշտ իբրև երազ հետապնդել է մարդկությանը․ գուցե Արարչին ուղղված հավատքով։
Հայացքը հենց այն բանն է, որ կաշկանդված է ձգողականությամբ։

Երուսաղեմում պատմությունն առավել քան ներկա է։ Դա մի տեսակ պարտադրանք ներկայություն է։ Հայացքի պարտադրանք՝ ընտրության բացակայությամբ։
Բայց կա մի ներկայություն, որի հետ շփումը ֆիզիկական չէ։ Մի ներկայություն, որի բացակայության կարիքը մարդիկ այդքան ունեն։ Փրկչի գերեզմանը։ Դատարկ գերեզմանը։ Այդ բացակա-ներկայության հետ շփումը Լացի պատի մոտ է, Հարության տաճարի այլալեզու աղթոքներում, արաբական գյուղի մինարեթից բարձրաձայն հնչող Ադհանի ընթացքում, ձիթենիների՝ դեպի վեր ձգվող գանգրահեր արմատներում։ Եվ այդ ներկայությունն այնքան ներանձնական է, որ դրան դիպչել հնարավոր չէ։
Հոդվածաշարը բաժանել եմ պայմանական դիմանկարների, որոնք կարելի է ընթերցել հերթականությամբ կամ՝ խախտելով այն։ Այստեղ կգտնեք պատմություններ՝ մի քանի տարվա, տասնամյակի, դարի ու հազարամյակի վաղեմության։
Երուսաղեմ այցը հնարավոր դարձավ «301․ Իմաստության երկիրը» հիմնադրամի աջակցությամբ։