
Անհետ կորած զինվորների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել նախ՝ կառավարության մոտ, ապա ԱԺ մոտ։ Նրանք փակել են Բաղրամյան պողոտան։
Անհետ կորածների հարազատները պահանջել են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նրանց անհանգստացնում է ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատելը։ Ըստ հարազատների՝ Աբազյանն էր աշխատում իրենց խնդիրների ուղղությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։
Նա նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում կոնկրետ հինգ հարցի շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերվել։
«Ես արդեն այդ 5 հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ, և ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք երկու ամիս անց՝ այդ հարցերի պատասխանները ստանալու համար։ Նրանց կողմից բարձրացված ամենասուր հարցերով անձամբ ես կզբաղվեմ»,- ասել է վարչապետը։