Բրազիլական գարեջրագործարանը շահել է դատը հարբեցող դարձած համտեսողի նկատմամբ

Բրազիլիայի խոշորագույն Ambev գարեջրագործական ընկերությունը շահել է տարիներ տեւած դատական ​​​​վեճը նախկին աշխատակցի նկատմամբ, որը պնդում էր, որ ալկոհոլիկ է դարձել աշխատանքային պայմանների պատճառով, գրել է The Drinks Business-ը: Տղամարդը որպես համտեսող աշխատել է Սան Պաուլուի գարեջրատանը 1975-ից մինչեւ 1991թ., երբ ազատվել է աշխատանքից:
Դատական ​​​​հայցում նա նշել է, որ իր 16 տարվա աշխատանքի ընթացքում օրական խմել է մինչեւ յոթ պինտ (մոտ 4 լիտր) գարեջուր, ինչը հանգեցրել է կախվածության: Նա նշել է, որ աշխատանքի ընթացքում իրեն «ստիպել» են խմել մոտ 25 հազար պինտ գարեջուր, իսկ աշխատանքային ծանրաբեռնվածությունն աճում էր տոների եւ միջոցառումների շրջանում, երբ պետք էր «խթանել վաճառքը»:
Սակայն դատարանը նրա պնդումները անհիմն է համարել: Ambev-ի փաստաբանները նշել են, որ աշխատանքային հերթափոխի ընթացքում սպառման նման ծավալները «ֆիզիկապես անհնար» են՝ հիշեցնելով, որ մասնագիտական​​​​համտեսումը ներառում է խմիչքի միայն փոքր կումեր: Դատարանը նաեւ նշել է, որ հայցվորը, չնայած իր մեղադրանքներին, Ambev-ից հեռանալուց հետո շարունակել է իր կարիերան գարեջրի արդյունաբերության մեջ:
Սա նախկին համտեսողի կողմից ներկայացված առաջին դատական ​​​​հայցը չէ. նախորդները մերժվել էին ստորին ատյանների դատարանների կողմից: Ընկերության օգտին կայացված վերջնական որոշումը վերջ է դրել ձգձգված գործին: Դատավորները նշել են հայցվորի ենթադրյալ ալկոհոլիզմի եւ ընկերությունում նրա աշխատանքային պարտականությունների միջեւ համոզիչ կապի բացակայությունը:

Leave a Comment