Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու պատճառների մասին։
Ըստ նրա՝ իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում։
«Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի փոքր հանգստանա, որովհետև 5 տարի լարված պայմաններում աշխատելը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, կարծում եմ, հասկանում եք, որ հեշտ չէ»,- նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի տանը իրականացված գործողությունների հետ՝ Փաշինյանն ասել է. «ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես նրա հետ, ինչ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային անվտանգությանը»։
Հարցին, թե արդյո՞ք Արմեն Աբազյանը հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենը չէր կարող հրաժարվել իր որևէ հանձնարարությունից։