Մակրոնն այցելել է Գրենլանդիա, միաժամանակ, դեմ արտահայտվել Իսրայել-Իրան հակամարտության հարցում ՌԴ-ի միջնորդությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի գագաթնաժողովից առաջ այցելել է Գրենլանդիա։ Նա եվրոպական համերաշխությունն է հայտնել դանիական ինքնավարությանը, որը բռնակցելու մտադրության մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Euronews-ը։

«Դաշնակիցներն այդպես չեն վարվում։ Գրենլանդիայում ստեղծված իրավիճակը, անկասկած տագնապալի կոչ է բոլոր եվրոպացիների համար։ Թույլ տվեք ուղիղ ասել ձեզ՝ դուք միայնակ չեք։ Երբ ձեզ ուղարկվում է նման ռազմավարական ուղերձ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այն եվրոպացիների կողմից հստակորեն ընկալվում է որպես եվրոպական հողին ուղղված ուղերձ։ Այս դրոշը, որը դուք այստեղ պահում եք, մեր ընդհանուր դրոշն է»,- հայտարարել է  Ֆրանսիայի առաջնորդը:

Մակրոնը կանգ է առել Գրենլանդիայում G7 գագաթնաժողովին մասնակցելու ճանապարհին, որին մասնակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Տարածքի մայրաքաղաք Նուուկում Մակրոնին դիմավորել են Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը:

«Սա մեզ համար Գրենլանդիայում հիմա տարօրինակ ժամանակներ են։Մենք ապրում ենք ժողովրդավարական սկզբունքներով, որոնք կերտվել են տարիների ընթացքում՝ հարգանք միջազգային իրավունքի, սահմանների, ծովային իրավունքի նկատմամբ, և մենք ուրախ ենք, որ դուք կարողացաք մեզ հետ կանգնել և ասել, որ այս սկզբունքները շատ կարևոր են»,-ասել է Նիլսենը։

Մակրոնը նաև մեկնաբանել է  Թրամփի հայտարարությունը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդության հնարավորության մասին։

«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը, որը ներգրավված է լարված հակամարտության մեջ և մի քանի տարի չի ցանկանում պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը, կարող է որևէ կերպ հանդես գալ որպես միջնորդ»,- ասել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ այսօր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment