Նեթանյահուն շնորհավորել է Թրամփի ծնունդը և նրան անվանել «հավատարիմ դաշնակից»

Ըստ Reuters-ի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրը՝ նրան անվանելով հավատարիմ դաշնակից, այն դեպքում, երբ Իսրայելը շարունակում է Իրանի ռմբակոծությունները։
Վերջին շաբաթներին լրատվամիջոցները հաղորդել էին երկու պետությունների ղեկավարների միջև լարվածության մասին, երբ Նեթանյահուն սպառնացել էր հարձակվել Իրանի վրա, թեև ԱՄՆ-ն Թեհրանի հետ բանակցություններ էր վարում՝ նրա միջուկային ծրագիրը սահմանափակելու շուրջ։
Սակայն ուրբաթ օրը Իսրայելի լայնածավալ հարձակումն սկսելուց մի քանի ժամ անց Թրամփը հայտարարել էր, որ հարվածները «գերազանց» և «շատ հաջող» են եղել։
Շաբաթ օրը Նեթանյահուն ի պատասխան գովեստի խոսքեր է հղել ամերիկացի առաջնորդին։
«Շնորհավոր ձեր ծննդյան օրը, նախագահ Դոնալդ Թրամփ,- ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ։- Դուք եղել եք ականավոր առաջնորդ՝ վճռական, խիզախ, հստակ տեսլականով և հստակ գործողություններով։ Դուք մեծ գործեր եք արել Իսրայելի համար»։
Իրանի ռմբակոծությունները Նեթանյահուն ներկայացրել է որպես «ազատ հասարակությունների» և «Իրանի հանցավոր ռեժիմի» միջև ավելի լայն պայքարի մաս, որը ձգտում է բռնություն տարածել ամբողջ աշխարհում։
«Մեր թշնամին ձեր թշնամին է, և, անելով այն, ինչ անում ենք, մենք գործ ունենք մի բանի հետ, որը վաղ թե ուշ կսպառնա բոլորիս։ Մեր հաղթանակը կլինի ձեր հաղթանակը»,- գրել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև շնորհավորել է ԱՄՆ զինված ուժերին 250-ամյակի առթիվ՝ ամերիկացի զինվորականներին անվանելով «ազատության պահապաններ՝ երկու հարյուրամյակի ընթացքում»։
Իրանը բազմիցս հերքել է Արևմուտքի մեղադրանքներն այն մասին, որ գաղտնի կերպով ձգտել է ստեղծել միջուկային ռումբ, և մեղադրել է ԱՄՆ-ին այս շաբաթ Իսրայելի հարվածներին մասնակցություն ունենալու մեջ, ինչը Վաշինգտոնը հերքել է։

Leave a Comment