Եվրոպայի արդյունավետ հարձակվողներից մեկը մերժել է անգլիական ակումբը

Շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկից։ Այս մասին հայտնում է պորտուգալական Record պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի գործակալները տեղեկացրել են «կարմիր սատանաներին» նրա որոշման մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 71,4 միլիոն եվրո  «Սպորտինգին»՝ Դյոկերեշի տրանսֆերի համար։ Նշվում էր նաև, որ շվեդ հարձակվողով հետաքրքրված են «Արսենալը» և «Յուվենտուսը»։

Անցած մրցաշրջանում Դյոկերեշը մասնակցել է 52 խաղի՝ խփելով 54 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ գործում է մինչև 2028 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։

Leave a Comment