Իսրայելն ընդլայնում է Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված գործողությունները

Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ անվտանգության իրավիճակը գնահատելու համար նախարար Իսրայել Կացը խորհրդակցություն է անցկացրել բանակի գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ։

Ynet պորտալի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարը հայտարարել են Թեհրանին նոր հարվածներ հասցնելու ծրագրերի մասին։

«Իրան տանող ճանապարհը հարթված է։ Համաձայն ծրագրի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կսկսեն Թեհրանում թիրախների վրա հարձակումները», — պորտալը մեջբերել է Զամիրի և Բարրի խոսքերը։

Ավելի վաղ բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը Թեհրանի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված տասնյակ օբյեկտների են հարվածել։

Բարը հայտարարել է, որ իսրայելական զինվորականները «իրականացրել են մի շարք ճշգրիտ հարվածներ, որոնք բարելավել են Իսրայելի գերազանցությունը օդում և գործողությունների ազատությունը Իրանում»։

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանն էլ Տելեգրամում գրել է․ «Իսրայելի պաշտպանության ուժերն ընդլայնում են Իրանում լայնածավալ գործողությունը, որն ուղղված է Թեհրանի միջուկային ծրագրի դեմ: Հիմնվելով ճշգրիտ հետախուզության վրա՝ հարվածներ են հասցվում տասնյակ կարևոր օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների կայանների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների»:

Leave a Comment