Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է ԵԽ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման վերաբերյալ մի շարք որոշումներ։ Դրանց թվում են Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի, Նամազովն ընդդեմ Ադրբեջանի, Մամադովն ընդդեմ Ադրբեջանի գործերը և ոչ միայն։
ԵԽ լրատվական բաժնից «Ռադիոլուրին» հայտնել են, որ ՄԻԵԴ-ի վարույթներից մեկը՝ «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումներին իր զինվորականներից մեկի նկատմամբ, որը դատապարտվել էր Հունգարիայում երկու հայ սպաների նկատմամբ ատելության հիմքով ծայրահեղ դաժան հանցագործության համար։ Վերջինս Ադրբեջան տեղափոխվելուց հետո ներում է ստացել, ազատ արձակվել, պաշտոն և արտոնություններ ստացել։ Դրանք, ըստ Դատարանի որոշման, փաստացի անպատժելիություն են ապահովել, իսկ սպանությունը պատճառահետևանքային կապ է ունեցել զոհերի էթնիկ հայկական պատկանելության հետ։
Չնայած ադրբեջանցի զինվորական սպան մեղավոր է ճանաչվել բացառիկ դաժան, կանխամտածված սպանության մեջ, որը կատարվել է բացառապես իր զոհերի ազգության պատճառով, և չնայած Կոմիտեի բազմաթիվ կոչերին ու փաստին, որ Մակուչյանի և Մինասյանի վերջնական դատավճռից անցել է 4 տարի, ադրբեջանական իշխանությունները չեն ներկայացրել որևէ տեղեկություն, որը կփաստեր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։
Եվրոպական կառույցն այս գործով ընդունել է ժամանակավոր բանաձև և վերահաստատել ադրբեջանական իշխանություններին ուղղված իր հորդորը՝ ապահովել, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կայքից հեռացվեն հանցագործի ներմանն ու ազատ արձակմանն աջակցող նամակները, և որ մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղավորն այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն։
ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ ընդգծել է այս խախտումների լրջությունը, դատապարտել ադրբեջանական իշխանությունների լռությունը և այս վճռի կատարման գործում առաջընթացի մշտական բացակայությունը։
Դատարանն ակնկալում է, որ անհապաղ կկատարվեն իր պահանջներն ու ցավով արձանագրել է, որ Բաքուն ծանրագույն հանցանք կատարած անձին շնորհել է արտոնություններ, որոնք որևէ իրավական հիմք չեն ունեցել ներպետական օրենսդրությամբ։
Նախարարների խորհուրդը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ արձագանքել իրենց առաջարկին՝ քննարկելու էթնիկ հողի վրա ատելության կանխարգելման և դրա դեմ պայքարի հետագա օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես, ռասիզմի և խտրականության դեմ պայքարին ուղղված քրեական օրենսդրության մեջ հստակ դրույթներ ներառելով։
ՄԻԵԴ որոշման մեջ կա նաև հորդոր-առաջարկ պաշտոնական Բաքվին՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև թշնամանքը վերացնելու նպատակով ձեռնարկել հաշտեցմանը նպաստող միջոցառումներ և հետևել էթնիկ ատելության դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպական կառույցի առաջարկներին։ Այս առաջարկը Բաքվին ուղղվել է դեռ 2023-ին։ Եվրոպական կառույցում շարունակում են սպասել ձեռնարկված քայլերի վերաբերյալ Բաքվի պարզաբանումներին։
Նախարարների կոմիտեն կոչ է արել ադրբեջանական իշխանություններին՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացնել գործողությունների թարմացված ծրագիր, որը կներառի բոլոր չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկություն։ Որոշվել է վերսկսել այս գործի քննությունն ամենաուշը 2026 թվականի մարտի նիստում։