13 Հունիսի 2025, 15:30
Սոչիում «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնի շրջանակներում կայացել է խորհրդային և ռուսական կինոյի և հեռուստատեսության դերասան, ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնովիչի յոթ օրը» ֆիլմի գալա պրեմիերան։ Ամառային թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. Քեոսայանի աշխատանքին աջակցելու էին եկել ոչ միայն գործընկերները, այլև Սոչիի բնակիչներն ու հանգստացողները։
«Նա տաղանդավոր մարդ է: Շատ եմ ուզում դիտել: Ե՛վ Մարգարիտա Սիմոնյանը, և՛ սցենարի հեղինակները տաղանդավոր մարդիկ են: Չէի ցանկանա բաց թողնել: Այն, ինչ չես դիտի կինոթատրոնում, կդիտես այստեղ՝ Եվրասիայի փառատոնում, ինչը նվեր է»,-Alpha News-ի եթերում ասել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Լարիսա Լուժինան:
«Կարծում եմ՝ մեր ուշադրությամբ և ֆիլմի նկատմամբ հետաքրքրությամբ ինչ-որ կերպ աջակցում ենք նրան (Տիգրան Քեոսայանին — խմբ.): Մեր սերն ու հուզմունքը փոխանցվում է: Հուսով եմ՝ դա նրան ուժ կտա»,-Alpha News-ին ասել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Նատալյա Արինբասարովան:
Ֆիլմի սցենարը հիմնված է Մարգարիտա Սիմոնյանի «Բելամուր» պատմվածքի վրա։ Ցուցադրությունն սկսվել է Քեոսայանի կնոջ ներածական խոսքով։ Մարգարիտա Սիմոնյանը ֆիլմն անվանում է Տիգրանի «եզրային» ֆիլմը:
«Ես դիտմամբ եմ «եզրային» ասում: Բոլոր նրանք, ովքեր ծառայել են ռազմաճակատում, երբեք չեն ասում «վերջին», ասում են՝ «եզրային», որովհետև վերջինը նշանակում է, որ այլևս ոչինչ չի լինելու, և մենք, իհարկե, ապրում ենք հույսով, որ Տիգրանը կարթնանա և ավելի հրաշալի ֆիլմեր կնկարահանի: Այս ֆիլմի վրա նա աշխատել է անցած ամբողջ տարին, նա է նկարահանել և մոնտաժել, իսկ մինչ այդ գրել է սցենարը: Մենք այս աշխատանքի ընթացքում քիչ էր մնում բաժանվեինք, քանի որ սցենարը հիմնված է իմ պատմության վրա, և ես հաճախ չէի համաձայնվում, թե ինչպես էր նա փոխակերպում այն: Արդյունքում, նա ճիշտ էր, ինչպես միշտ: Ֆիլմը ստացվեց անհամեմատ ավելի խորը, ուրախ, և, միևնույն ժամանակ, տխուր, քան իմ պատմությունը: Երբ մենք աշխատում էինք այդ ֆիլմի վրա, մենք շատ էինք ծիծաղում և շատ անգամ՝ լացում: Կարծում եմ՝ հիմա էլ կտեսնենք, որ դա այնպիսի ֆիլմ է, որի ժամանակ և՛ ծիծաղում ես, և՛ լացում: Այս ֆիլմը մարդու մասին է, մեր և մեծ տարիքի մասին: Ֆյոդոր Դոբրոնրավովը ցնցող դեր է կատարել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Եվ, իհարկե, իմ ամուսինը` Տիգրանը, ֆանտաստիկ գործ է արել, կփոխանցեմ նրան, որ եկել եք, որ դիտել եք ֆիլմը»,-ասել է Սիմոնյանը:
Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Կրասնոդարի երկրամասում: Գլխավոր դերակատարը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆյոդոր Դոբրոնրավովն է։ Ֆիլմը բաժանված է գլուխների՝ ըստ գլխավոր հերոսի կյանքի տասնամյակների՝ սկսած 60-ականներից։ Ֆիլմը ներառում է տարբեր դարաշրջանների հարավային կոլորիտը: Տիգրան Քեոսայանը ֆիլմը նվիրել է եղբորը՝ Դավիթ Քեոսայանին։