Մի շարք երկրներ դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի գործողությունները

Օմանը, որտեղ այս շաբաթավերջին պետք է տեղի ունենային ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները, քննադատել է Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացվող հարվածները։

«Օմանը Իսրայելին է պատասխանատու համարում այս լարվածության և դրա հետևանքների համար և կոչ է անում միջազգային հանրությանը հստակ և վճռական դիրքորոշում ընդունել՝ դադարեցնելու այս վտանգավոր մոտեցումը, որը սպառնում է բացառել դիվանագիտական ​​լուծումները և խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», — ասվում է արաբական ծոցի պետության կառավարության հայտարարության մեջ։

Իսրայենին դատապարտել է նաև Սաուդյան Արաբիան՝ նշելով. «Սաուդյան Արաբիայի Թագավորությունը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կատարված բացահայտ ագրեսիան, որը խաթարում է նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը և կազմում է միջազգային օրենքների և նորմերի ակնհայտ խախտում»:

Բանակցությունների ֆոնին Իսրայելի նման գործողությունները խստորեն դատապարտել է նաև Ճապոնիան. «Չափազանց ցավալի է, որ ռազմական միջոցներ են կիրառվել, մինչդեռ Իրանի միջուկային խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ​​ջանքերը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները, շարունակվում են: Ճապոնիան խստորեն դատապարտում է այս գործողությունները, որոնք հանգեցնում են լարվածության սրման»:

Հիշեցնենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին այսօր՝ հունիսի 13-ի լուսաբացին։

Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի և երեք միջուկային ֆիզիկոսների մահվան մասին։ Ըստ Իրանի զինված ուժերի հայտարարության, Իսրայելի հարվածները հասցվել են ոչ միայն միջուկային օբյեկտներին, այլև քաղաքացիական օբյեկտներին։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Leave a Comment