ԱՄՆ-Իրան բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին՝ տարածաշրջանում հնարավոր ռազմական սրացման ֆոնին

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Մուսկատում կիրակի՝ հունիսի 15-ին: Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X-ում։

Ինչպես հիշեցրել է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ն և Իրանը ապրիլից ի վեր անուղղակի բանակցություններ են վարում Օմանի միջնորդությամբ։ Բանակցություններում իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։

Նոր համաձայնության հասնելու մի քանի փորձերից հետո բանակցությունները վտանգի տակ են՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուրանի հարստացման շուրջ տարաձայնությունների պատճառով։ Ամերիկյան կողմը պնդում է, որ հանրապետությունը լիովին հրաժարվի ուրանի հարստացումից իր միջուկային օբյեկտներում։

Իրանը, իր հերթին, հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Իրանի հարստացման մակարդակը այժմ մոտ է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ մակարդակին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ուժի դիմել, եթե հանրապետությունը հրաժարվի համաձայնագրից։

Leave a Comment