Կայացավ «Չինական կամուրջ» չինարենի միջազգային մրցույթի Հայաստանյան փուլը

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունքում այսօր կայացավ «Չինական կամուրջ» չինարենի միջազգային մրցույթի Հայաստանյան փուլը։
«Չինական կամուրջը» չինարենի՝ աշխարհի խոշորագույն մրցույթներից մեկն է՝ նախատեսված չինարեն սովորող օտարերկրացի ուսանողների համար։ Այն համախմբում է լեզվի և մշակույթի նկատմամբ հետաքրքրություն ունեցող տաղանդավոր երիտասարդների՝ աշխարհի տարբեր ծայրերից։

«Հայաստանն այնպիսի աշխարհաքական դիրքում է, որ իրար է միացնում տարբեր քաղաքակրթություններ. կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև։ Չինարենը նույնպես հանդիսանում է կամուրջ։ Եվ եթե այդ տեսանկյունից դիտենք, ապա նմանատիպ միջոցառումները նպաստում են հայ-չինական հարաբերությունների, նաև մշակույթային կապերի զարգացմանը։ Հույս ունեմ, որ ապագայում նմանատիպ միջոցառումները էլ ավելի շատ կլինեն և այդ կամուրջն ավելի կընդլայնվի»,–լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։
Մրցույթին երեք տարիքային խմբի ներկայացուցիչներ էին մասնակցում՝ ուսանողներ, միջին և տարրական դպրոցի աշակերտներ։ «Չինական կամուրջ» միջազգային մրցույթի ամենափոքր մասնակիցը 10 տարեկան էր։

Մրցանակներ տրվեցին լավագույն գեղարվեստական համար և լավագույն հռետորական ճառ անվանակարգերում։ Ժյուրին ուշադրություն էր դարձնում մասնակիցների ներկայացրած մշակութային ծրագրին և լեզվի իմացությանը։ Դպրոցականների միջին տարիքային խմբում իր ներկայացրած կոլիգրաֆիայի համար հաղթող ճանաչվեց Սոս Վարդանյանը. աա աշնանը կմեկնի Չինաստան՝ մասնակցելու «Չինարենի կամուրջ» մրցույթի եզրափակիչ փուլին։

Leave a Comment