
Այս պահին կատարվում են որոնողական քննչական գործողություններ, լրացուցիչ կատարվում է դեպքի վայրի զննություն 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Բացի դրանից՝ նախաքննության ընթացքում կատարվել են առաջնային հրատապ քննչական գործողություններ. հարցաքննվել են շուրջ 2 տասնյակ անձինք՝ թե՛ տուժողները, թե՛ հարևանությամբ բնակվող անձինք, ինչպես նաև նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ՝ դատապայթյունատեխնոլոգիական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, դիակի և դատաբժշկական փորձաքննություններ:
Այս մասին Ճամբարակում պայթյունի վայրում գտնվող «Լուրեր»-ի թղթակցին ասել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանը:
Նա նշել է, որ պայթյունը, նախնական վարկածով, բնական գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ստուգումներ եղե՞լ են համապատասխան կառույցների կողմից անվտանգության հարցը ճշտելու համար, Քոչարյանը ասել է հետևյալը.
«Այս պահին քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում. նաև ստուգումներ են իրականացվում նշված հանգամանքը պարզելու ուղղությամբ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 3 զոհ, որոնք կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով:
Կան բնակիչներ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք որոնվում են:
Ըստ նախնական տվյալների՝ Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն փլուզումով. այն եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են մուտքին կից բնակարաններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի շենքերի մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ:
Պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ