«Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ն և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ ներկայացրեցին ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում 2023-2024 թվականներին իրականացված քայլերը, ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռազմավարության կատարողականի որակական և քանակական մոնիթորինգը մշտապես իրականացվում է՝ ստուգելու համար այն աշխատանքները, որոնք ռազմավարության շրջանակում կատարվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն և իրավական հարցերով փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց՝ զեկույցում ներկայացված են 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում 2023-2024 թվականներին իրականացված գործողությունների մշտադիտարկման արդյունքները: Ներկայացված է, թե ի՞նչ ընթացքում են գտնվում այդ գործողությունները, ինչ ուշացումներ կան և ի՞նչ ընթացքում է գտնվում դրանց որակական ազդեցությունը:

«Մի բան է՝ մենք ունենանք քանակական առումով իրականցված գործողություն, մեկ այլ բան է, երբ մենք սկսում ենք չափել, թե կոնկրետ գործողությունները ինչպիսի որակական փոփոխություն են բերել:
Սա և՛ վերլուծություն է, և՛ մոնիթորինգ է՝ համակցված տարբեր մեթոդների արդյունքում: Այս ուսումնասիրություններում ներառված են եղել ֆոկուս խմբային քննարկումներ, առանձին փորձագետների, ինչպես նաև իրավասու պետական մարմինների հետ հանդիպում քննարկումներ, որոնք պատասխանատու են կոնկրետ գործողությունների կատարման համար»,- ասաց Սողոմոնյանը:
Նա ընդգծեց՝ ներկայացվել է, թե ինչ կատարողական ընթացքում է գտնվում ռազմավարությունը, վեր են հանվել դրանից բխող համապատասխան առաջարկությունները, մեթոդական խնդիրները և առկա բացերը, որոնք ներկայացվել են արդարադատության նախարարությանը, կառավարությանը ինչպես այս փուլում դրանք դիտարկելու, այնպես էլ առաջիկա ռազմավարության մշակման աշխատանքներում:
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց կատարված մեծ աշխատանքի համար՝ նշելով, որ, գուցե, պետական մարմինների և հանրային հատվածի տեսակետները, գնահատականները որոշակի առումով իրարից տարբերվում են, բայց բոլոր դեպքերում նախարարությունում քաջ գիտակցում են հանրային հատվածի, հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը մշտադիտարկման շրջանակներում:

«Թերևս, 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մշակման փուլում մենք ունեցել ենք շատ մասնակցային, ներառական գործընթաց և հենց մշակման փուլում հաշվի են առնվել և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կարծիքները, և արդյունքում մենք ընդունել ենք մի շատ հավակնոտ և ծավալուն ռազմավարություն 2023-2026 թվականների համար»,- ասաց նա:
Գևորգ Քոչարյանը նշեց, որ շատ կարևոր է ռազմավարության շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունավետ մոնիթորինգը, որի արդյունքները համապատասխան կառույցների կողմից զեկույցի տեսքով ներկայացվում են։