Առողջապահության նախարարի վարորդը կստանա խիստ նկատողություն ծառայողական մեքենայով կարգազանցության համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վարորդը կստանա խիստ նկատողություն, այս մասին հայտարարել է նախարարը՝ արձագանքելով իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի հրապարակած տեսանյութին։

Տեսանյութում երևում է, որ ԱՆ ծառայողական 006LL55 համարներով մեքենայի դիմացի նստարանին մանկահասակ երեխա է երթևեկում, ամրագոտին կապված չէ, քարսիթ նույնպես առկա չէ։

Իոաննիսյանը մոտենում է մեքենային, զրուցում վարորդի հետ, որը ընդունում է, որ Ավանեսյանի վարորդն է։

Նախարարն արձագանքել է Իոաննիսյանի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան վերահսկողության ու լուսաբանման համար և պարզաբանել, որ ծառայողական մեքենան ավտոլվացման կետ տանելիս վարորդը խախտում է կատարել՝ դրսևորելով անթույլատրելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:

«Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- տեղեկացրել է Ավանեսյանը:

Leave a Comment