Պետությունը պետք է միջամտի բոլոր այն կառույցների գործերին, որոնք միջամտում են պետության գործերին. Զարեհ Սինանյան

Վարչապետը ՀՀ քվեարկող բնակչության քաղաքական կամքի արտահայտությունն է՝ որեւէ մեկի դուրը դա գա կամ չգա. մեր ժողովրդավարությունը 2018 թվականից երկու անգամ խոսել է արդեն և արդյունքում ընտրվել է կառավարություն, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում 24News-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Պարոն Փաշինյանը պարզապես օրակարգ է մտցրել մի խնդիր, որը ակնհայտորեն գոյություն ունի մեր ազգի համար և մասնավորապես ՀՀ բնակչության համար։ Եվ այս խնդիրը պետք է հանգուցալուծվի։ Մենք տեսնում ենք դրա արտահայտություններն այսօր»,–ասաց նա։
Հարցին՝ ճի՞շտ է հմարում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտի եկեղեցու գործերին այն դեպքում, երբ սահմանադրությունը դա թույլ չի տալիս, նա պատասխանեց. «Ես ճիշտ եմ համարում, որ պետությունը միջամտի բոլոր այն անձանց ու այն կառույցների գործերին, որոնք միջամտում են պետության գործերին, մանավանդ այնպիսի կառույցների, որոնք խոսում են մեր բոլորի անունից, ներկայանում են որպես մեր հոգևոր ներկայացուցիչները։
Ես հիմա չեմ քննարկելու ձեզ հետ Սահմանադրությունը։ Ես գիտեմ, որ դա մայր օրենքն է, Ես հիշում եմ, որ անցյալ տարի սառեցված սրբազանը, երբ իրեն հարցնում էին, որ եթե դուք այլ երկրի քաղաքացի եք, ըստ սահմանադրության չեք կարող լինել վարչապետ, նա ասաց՝ դե ոչինչ կընտրվեմ, հետո կփոխենք։ Ես չգիտեմ հիմա այս պահին դուք ինչ եք ցիտում, բայց ընդհանուր պրոբլեմը, որը մեր համար ազգային խնդիր է, պետք է հետևողականորեն տարվի հանգուցալուծման։
Շատերին թվում է, թե այս խնդիրը միայն Հայաստանում է, որ այն հսկայական դժգոհությունը, որ գոյություն ունի, միայն Հայաստանում գոյություն ունի, բայց հավատացեք, ես անընդհատ գնում եմ սփյուռք, անընդհատ ներկա եմ այնտեղ և այդ խնդրի հետ առնչվում եմ նաև սփյուռքի համայնքներում։
Ուրեմն, քանի որ որևէ երկրների հարցը բացեցիք, ես ձեզ ասեմ, որ Այսօր կայացած բոլոր պետությունները անցել են մի գործընթացով, որի ընթացքում  քաղաքական ղեկավարությունը իր գերակայությունն է հաստատում պետությունում։ Չի կարող լինել որևէ այլ հեղինակություն պետությունում, քան ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ղեկավարությունը։
Արցախի մասին պետք էր խոսել 2020 թվականին, նախ պետք էր խոսել 1999 թվականից, պետք էր պայքարել, որպեսզի Արցախն պաշտպան չմնա, պետք էր պայքարել, որպեսզի իրոք հոգևոր արժեքները հաղթանակեին Հայաստանում, ոչ թե գողությունն ու թալանը, պետք էր պայքարել կոռուպցիայի դեմ, պետք էր, երբ ժողովուրդը ընդվզել էր 2018 թվականին, ժողովրդի կողքին կանգնած լինեին։ Ահա թե ինչ պետք է արվեր, բայց այդ ամենը չի արվել։ Պատերազմից հետո, երբ Արցախը հայաթափվում էր, սպասում էինք, ինչ-որ մեկի ձայն էինք փորձում լսել, չէինք լսում, բայց լիքը ձայներ էինք լսում քաղաքական գործընթացներին միջամտելու իմաստով»,–ասաց նա։

Leave a Comment