«Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը Իրանն է խոչընդոտել․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ հենց Իրանն է խոչընդոտել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը, որը պետք է Նախիջևանը Հայաստանի տարածքով կապեր Ադրբեջանի հետ, հաղորդում է Tasnim-ը։

««Զանգեզուրի միջանցք» ստեղծելու նախագիծն իրականում կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա իրանական ճանապարհի փակում, ինչին Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Վելայաթին։

Նա հիշեցրել է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ հենց Իրանի գործողություններն են խոչընդոտել միջանցքի ծրագրերի իրականացմանը։ Այս դեպքը, նրա խոսքով, «ցույց է տալիս Իրանի կարողությունը՝ ազդելու տարածաշրջանային հիմնական գործընթացների վրա»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի վերջին հայտարարել էր, որ Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը։ Նրա կարծիքով՝ այս նախագիծը կծառայի «տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։

Leave a Comment