Երևանում երկու տղամարդ դրամապանակ են գտել ու բանկային քարտից փորձել են գնումներ կատարել

Նրանք 3 օր անց ձերբակալվել են

Երևանում երկու տղամարդ դրամապանակ են գտել ու բանկային քարտից փորձել են գնումներ կատարել


ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ 21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:


Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 38 և 49 տարեկան երկու տղամարդ: Նրանք հունիսի 5-ին հենց Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են բաժին: 49-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:


Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Leave a Comment