Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվել են պետական բյուջեի 2024 թ․ կատարման քննարկումները։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը խոսել է հարկային եկամուտների հավաքման դանդաղելու մասին։ Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու տարիներ շարունակ Հայաստանի խոշոր հարկատուն այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկ չի ներառվել։ Էդվարդ Հակոբյանը նշել է, որ այս տարի շահառուներին մոտ 90 մլրդ դրամ եկամտային հարկ կվերադարձվի։ 2026–ին այդ գումարը կհատի 100 մլրդ դրամի շեմը, իսկ դրանից հետո արդեն վերադարձի տեմպի նվազում է ակնկալվում։
Ինչո՞ւ է դանդաղել հարկային եկամուտների հավաքումը, որքա՞ ն եկամտային հարկ է ՊԵԿ–ը վերադարձրել շահառուներին, ինչո՞ւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակում չի ներառվել հազար խոշոր հարկատուների ցանկ։ Սրանք խորհրդարանական հանձնաժողովներում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանին ուղղվող հիմնական հարցերն էին։ Նախ՝ տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցանկը գլխավարող ընկերության մասին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյան․«Չեմ հիշում մի դեպք, երբ ԶՊՄԿ–ն հազար խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված չլինի։ Եկեք ընդունենք, որ այստեղ խորքային խնդիր կա, և դա առաջացավ այն պահից, երբ կառավարությունը այստեղ բաժնեմաս ունեցավ»։
ՊԵԿ նախագահը դա այսպես բացատրեց․ 2024 թվականին, 2023–ի համեմատ, նվազել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրացումները։ Այդ պատճառով 2025 թվականի վճարման ենթակա ռոյալթին է պակասել: Էդվարդ Հակոբյանը հստակացրեց․
«Քանի որ 2024 թվականին վճարվել էր ավելի մեծ կանխավճար, դրա մասը առաջին եռամսյակում վերադարձվել է: Այսինքն՝ ավելի շատ է տվել կանխավճար, առաջին մասը վերադարձվել է։ Մեծ հարկ վճարող է․ մոտավորապես 21-23 միլիարդի մասին է խոսքը։ Գումարը մեկանգամյա գործարքով վերադարձվել է: Ընկերությունը միանգամից դուրս է եկել 1․000 խոշոր հարկ վճարողների ցանկից:
Բայց դա դեռևս չի նշանակում, որ հաջորդ եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի հայտնվելու 1․000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ ասաց Հակոբյանը։ Նա պատասխանեց հարցին, թե ինչու է դանդաղել հարկային եկամուտների հավաքումը․
«Եթե տնտեսական աճը միայն արտաքին գործոններից կախված լիներ, ապա մեր տնտեսական ներուժը չէր ավելանա։ Նշեմ, որ տարբեր գնահատումներով այն 5 տոկոս է դարձել։ Կառավարության գործողությունները բերել են նրան, որ արտաքին գործոնների մի մասը վերածվել է հնարավորությունների»։
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հիշեցրեց, որ ավտոներկրողների մի մասը բիզնեսը Վրաստան է տեղափոխել։ Վիճակագրական տվյալներ ներկայացրեց․ 2024 թ․ հոկտեմբերի դրությամբ Վրաստանից Միջին Ասիայով մոտ 1 մլրդ դոլարի մեքենա է արտահանվել ՌԴ։ Գործարքների մեծ մասը հայ տնտեսվարողներն են կատարել․
«Հայաստանի պետական բյուջեն ուղիղ մուտքով մոտ 300 մլն դոլար է։ Դուք ինչ–որ բան անո՞ւմ եք ոլորտը առողջացնելու համար»։
ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ քննարկումներ են սկսել։ Էդվարդ Հակոբյանի տեղեկացմամբ՝ այս տարի շահառուներին մոտ 90 մլրդ դրամ եկամտային հարկ կվերադարձվի։ 2026–ից արդեն վերադարձի տեմպը կնվազի։