ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։
Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների:
Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ ի պատասխան Թրամփի վարչակազմի կողմից դաշնային ֆինանսավորման հնարավոր զանգվածային կրճատումների։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հունիսի 8-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում քաղաք կտեղակայվի Ազգային գվարդիայի 2000 զինծառայող։
«Նրանք ցուցարարներ չեն, նրանք վարձատրվում են անկարգություններ հրահրելու համար», – գրել է Թրամփը իր սոցցանցերի էջում։