Կալիֆորնիան դեմ է նահանգ զորքեր ուղարկելու Թրամփի որոշմանը

Լոս Անջելեսում հունիսի 6-ից անկարգություններ են անօրինական ներգաղթյալների դեմ ուղղված ռեյդերի պատճառով: Թրամփը որոշել է Ազգային գվարդիայի 2000 զինվոր ուղարկել նահանգ, սակայն տեղական իշխանությունները դեմ են նրա որոշմանը․ Կալիֆորնիայի նահանգապետն այն անվանել է սադրանք։

Լոս Անջելեսում իրավապահ մարմինների աշխատակիցներ կան, սակայն Դաշնային կառավարությունը զորքեր է ուղարկում, «որովհետև ցանկանում է ներկայացում սարքել», գրել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X-ում: Նա զգուշացրել է, որ այդ քայլը «միայն կմեծացնի լարվածությունը» նահանգում:

Նյուսոմը նաև քննադատել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին, որը թույլ է տվել ծովային հետևակի զորքեր ուղարկել Լոս Անջելես: «Պաշտպանության նախարարը սպառնում է ծովային հետևակի զորքեր տեղակայել ամերիկյան հողում՝ սեփական քաղաքացիների դեմ: Սա խելագար վարքագիծ է», — ասել է նահանգապետը:

Ըստ Թրամփի՝ դաշնային կառավարությունը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել, քանի որ նահանգը և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը չեն կարողացել դադարեցնել բողոքի ցույցերը։ «Դաշնային կառավարությունը կմիջամտի և կլուծի անկարգությունների հարցն այնպես, ինչպես հարկ է լուծել» — գրել է նա Truth Social-ում։ Նա աղավաղել է Նյուսոմի ազգանունը՝ գրելով Newscum (scum-ը կարող է թարգմանվել որպես սրիկա, տականք)։

Ռոյթերսին անանունության պայմանով ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Ազգային գվարդիայի զորքերը կարող են արագ տեղակայվել, որոշ դեպքերում՝ 24 ժամվա ընթացքում, և որ զինվորականները արդեն աշխատանք են տանում 2000 զինվոր տեղակայելու ուղղությամբ։

Leave a Comment