«Սիս» կենսահումուսը՝ Հայաստանի հողերի խնդիրների նոր լուծում․ «Մտքի ուժը»

Մատչելի, հեշտ արտադրվող, փորձարկված Հայաստանի բոլոր բնահողային գոտիներում։ Կարճ ու հնչեղ «Սիս» անունը կրող պարարտանյութը, որը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ում է ստեղծվել, արդեն գտել է իր նոր «բարեկամներին»։

Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գասպարյանն ընդգծում է․ «Այն միանգամից մի քանի հարց է լուծում։ Ֆերմերի համար արտադրել այդպիսի կենսահումուս և կիրառել, բարդ չէ։ Դրա հիմնական բաղադրամասը բուսական թափոն է՝ կանաչ տերևների զանգվածը, բույսերի մնացորդները, որոնք կարող են լավ հումք հանդիսանալ կենսահումուսի համար։ Այն նաև մատչելի է։ Մենք հիմա  հաշվարկներ ենք անում, բայց լինելու է մատչելի։ Բացի այդ, կենսահումուսն ունի էկոլոգիական կարևոր նշանակություն։ Այն օրգանիկ է, չի փչացնում հողի որակը, այլ բարելավում է այն։ Այնտեղ առկա միկրոմասնիկները նպաստում են դրան»։

Գիտական հետազոտությունները սկսվեցին, երբ գիտության կոմիտեն կիրառական նշանակություն ունեցող գիտական պրոդուկտի դրամաշնորհի համար մրցույթ հայտարարեց։   

Ագրարային համալսարանի՝ «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ի գիտաշխատող Տաթևիկ Ջհանգիրյանի, ու ոչ միայն նրա, աշխատանքային առավոտը սկսվում է վեգետատիվ տնակից։ «Ամենահետաքրքիրը մեր վեգետացիոն տնակի փորձերն էին։ Երբ ամեն առավոտ զրուցում էինք, ասում էինք, որ մեծ սպասումներ ունենք։ Սպասում էինք, որ կունենանք հուսադրող արդյունք, բայց այն ինչ ունենք՝ ավելի զարմացնող էր»։

Թե ինչու «Սիս», պատասխանն ունեն՝ կարճ է, հնչեղ ու հայկական։ Հաջողությունների հասել են՝ ասում է Տաթևիկ Ջհանգիրյանը։ «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ի գիտնականները տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրում են, թե ինչ է կատարվում Հայաստանի տարբեր  բնակլիմայական շրջանի  հողերի հետ։

Գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանը պատմում է․ «Ունենք մի իրավիճակ, որ որոշ մարզերում հողերի վիճակն անմխիթար է։ Արարատյան դաշտավայրի որոշ մասերում աղուտների վիճակը բարվոք չէ։ Իրավիճակը ճիշտ չգնահատելու հետևանքով, ոռոգման համակարգերի ոչ ճիշտ օգտագործման, սխալ պարարտացման պատճառով խնդիրներ են ծագել։ Առաջացել են կրկնակի աղակալումներ»։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակին ընդառաջ գիտական կենտրոնում մի շարք միջոցառումներ են անցկացվում։ Հրապարակվել է «Հայաստանի հողերի արդի վիճակը» մենագրությունը։  Սա մասնագետների՝ 1958թ․ կատարված գիտական ու հետազոտական աշխատանքների հանրագումարն է։

Leave a Comment