Արցախի ԱԺ պատգամավորներն ընտրելու են նոր նախագահ, որի տվյալները շուտով կհրապարակվեն․ Ռոման Երիցյան

«Արցախի նախագահի պաշտոնավարումը դադարեցվել է  Սահմանադրությամբ։ Այս պահի դրությամբ ընտրված նախագահ չկա։ Իմ տեղեկություններով,  Արցախի Ազգային ժողովի պատգամավորներն ընտրելու են նոր նախագահ, որի տվյալները շուտով կհրապարակվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Հարցին՝ արդյո՞ք այս ընտրություններով է պայմանավորված Սամվել Շահրամանյանին ակտիվորեն ՔԿ հարցաքննության կանչելը, փաստաբանն ասաց. «Արցախի նախագահին հարցաքննելը, հատկապես այս պահի դրությամբ,  այլ երևույթների հետ եմ կապում, չեմ բացառում  հետագա որևէ գործողություն և հենց սրանով է պայմանավորված, որ  Սամվել Շահրամանյանը հարցաքննության է ներկայանում փաստաբանի հետ։

Ոչ թե չեմ բացառում, որ կձերբակալեն, չեմ բացառում, որ հետագայում կարող է  մտացածին քրեական հետապնդումներ սկսեն նախագահի նկատմամբ, դրա նպատակն ավելի շատ նրա՝ Արցախի Հանրապետության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունք է»։

Հարցին՝ կարծում է Ադրբեջանին հաճոյանալո՞ւ համար,  Ռ.Երիցյանը պատասխանեց. «Նաև՝ չեմ բացառում։

Արցախը պետք է ունենա ներկայացուցչություն։ Չի բացառվում, որ 1, 2, 10 կամ 15 տարի հետո Արցախի Հանրապետությունը կրկին շարունակի իր գոյությունը, նաև տարածքային առումով։ Բնականաբար, պետք է ունենա իշխանություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment