
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Տավուշի մարզի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղեր։ Պատգամավորներն ահազանում են՝
Բերձորի հանձնումից հետո այս գյուղերն անմիջապես հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Երեք կողմից շրջափակման մեջ գտնվող համայնքները պարբերաբար ենթարկվում են հրետակոծությունների։
2020 թվականի պատերազմի հետևանքով Խոզնավարի, Վաղատուրի և Խնածախի արոտավայրերի և խոտհարքների զգալի մասը անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դրա արդյունքում կտրուկ նվազել են անասնապահությունն ու մեղվապահությունը․ գյուղացիները զրկվել են ապրուստի հիմնական միջոցներից։
Անասնապահությամբ զբաղվողները մտահոգություն հայտնեցին շրջանառվող լուրերի վերաբերյալ՝ ըստ որոնց մթերվող կաթից նախատեսվում է հարկել 5 տոկոս։ Գյուղացիների խոսքով՝ նման որոշման ընդունման պարագայում շատերը կդադարեն զբաղվել անասնապահությամբ։
Ճանապարհային խնդիրները շարունակում են մնալ չլուծված․ Գորիսի միջհամայնքային ճանապարհներն անմխիթար վիճակում են, և միայն վերջերս են սկսվել ճանապարհաշինական որոշ աշխատանքներ։
Արտագաղթը ահագնալին է դարձել․ երիտասարդությունն այլևս ապագա չի տեսնում գյուղերում։ Դա պայմանավորված է աշխատանքի բացակայությամբ, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով ու անվտանգության մշտական խնդիրներով։
Փոքր բիզնեսի և առևտրի ոլորտում ևս իրավիճակը ծանր է։ Խանութներն ու մանր առևտրով զբաղվողները հայտնվել են փակման շեմին՝ հարկային բեռի ավելացման պատճառով։
Սոցիալական ծանր պայմանների ֆոնին գյուղերում տեղադրվել են ջրաչափեր, և գյուղացիներին արգելվել է օգտվել սարերից հոսող բնական աղբյուրներից՝ մի բան, ինչը նախկինում չէր վերահսկվում։ Բնակիչները նաև տեղեկացրին, որ նույնիսկ անտառից լոբու սարի համար փայտե ձողեր հավաքելու դեպքում տուգանվում են էկոպարեկների կողմից։
Եվ ամենացավալին, որ արձանագրվեց բնակիչների հետ զրույցների ընթացքում, հեռանկարի բացակայությունն է։ Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող այս գյուղերի բնակիչները՝ սահմանապահ գյուղացիները, իրենց թիկունքում պետք է զգան պետության ու իշխանությունների ամենօրյա աջակցությունն ու հոգածությունը, որը բացակայում է և, փաստացի գյուղացիները մնացել են լքված ու միայնակ։