Ժաննա Անդրեասյանը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս Սարյանին և այլոց:



Նախարարը շրջել է ցուցասրահում, հետաքրքրվել ժամացույցների պատմությամբ, որը ներկայացրել է թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:


Նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ցուցադրության կազմակերպումը և կարևորել հանրության ավելի լայն շերտերի այցելությունների ապահովումը՝ շեշտելով ցուցադրության տեսանելիության և իրազեկվածության բարձրացման հարցը:


Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 30-ը:

Leave a Comment