Հերթական վնասվածքը Ռեալում․ երբ սպասել Կուրտուային — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի մոտ ախտորոշվել է սակրոիլեիտ։

2024/25 մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է 46 խաղի և բաց է թողել 55 գոլ։

«Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայության կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում մեր խաղացող Տիբո Կուրտուային ախտորոշվել է սակրոիլեիտ՝ սրբոսկրի և կոնքի հոդի բորբոքում։ Ակումբը հետևում է ֆուտբոլիստի առողջական վիճակին», – նշված է ակումբի պաշտոնական հայտարարությունում։

Սակրոիլեիտը բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է սրբոսկրի և կոնքի միացման հատվածը։ Այն կարող է առաջանալ վնասվածքի կամ հոդերի գերծանրաբեռնվածության հետևանքով։ «Ռեալը» չի հրապարակել Կուրտուայի վերականգնման ժամկետները։

The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանայի փոխանցմամբ՝ Կուրտուան, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ակումբային աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։

Խմբային փուլում «Ռեալը» կմրցի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» (հունիսի 18), Մեքսիկայի «Պաչուկայի» (հունիսի 22) և Ավստրիայի «Զալցբուրգի» (հունիսի 26) հետ։

Leave a Comment