Բրյանսկի մարզում հունիսի 2-ից 4-ը սգո օրեր են հայտարարվել՝ Կլիմովո-Մոսկվա ուղևորատար գնացքի վրա կամուրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, Telegram ալիքի իր էջում հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
Սգո օրերի ընթացքում մարզում կիջեցվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դրոշները։ Բոլոր մշակութային հաստատություններին և հեռուստառադիոընկերություններին հանձնարարվել է չեղարկել զվարճալի ու հանրային միջոցառումները և ժամանցային ծրագրեր։
ՌԴ քննչական կոմիտեն քրգործեր է հարուցել Բրյանսկում և Կուրսկում կամուրջների փլուզման դեպքերի առնչությամբ
Ռուսաստանի քննչական կոմիտեն (ՔԿ) քրեական գործեր է հարուցել Բրյանսկի և Կուրսկի մարզերում տրանսպորտային կամուրջների փլուզման դեպքերի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փաստաթղթերը փոխանցվել են գերատեսչության գլխավոր քննչական վարչություն։ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է այդ գործերը քննել կենտրոնական մակարդակով։ Գործերի հոդվածները դեռևս հրապարակված չեն։
ՔԿ աշխատակիցները դեպքի վայրերում իրականացնում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու համար։
Բրյանսկի մարզում մայիսի 31-ին, ժամը 22:50-ին, Վիգոնիչի–Պիլշինո երկաթուղային հատվածում ավտոմոբիլային կամրջի փլուզված բեկորները ընկել են ուղևորատար գնացքի վրա։ Գնացքը Կլիմովոյից ուղևորվում էր Մոսկվա, դուրս է եկել գծերից։ Զոհվել է 7 մարդ, 66-ը՝ վիրավորվել, որոնցից 47-ը հոսպիտալացվել են։ Երեք վիրավոր՝ երկու մեծահասակ և մեկ երեխա, գտնվում են ծանր վիճակում։
Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է, որ միջադեպի պատճառը եղել է պայթյուն։ Նա նշել է, որ կամուրջը պայթեցվել է ուղևորներով լի գնացքի անցման պահին։ Սակայն ՔԿ ավելի ուշ հրապարակված հաղորդագրության նոր տարբերակում պայթյունի մասին հիշատակումը հեռացվել է։ Հաղորդվում է միայն կամրջի փլուզման փաստը։
Մոսկվայի երկաթուղու մամուլի ծառայության տվյալներով՝ Պիլշինո-Վիգոնիչի հատվածում տեղի ունեցած վթարը եղել է «անօրինական միջամտության հետևանքով ավտոմոբիլային կամրջի փլուզման» արդյունքում, ինչի հետևանքով գնացքի շոգեքարշը և մի քանի վագոն դուրս են եկել գծերից։
Բրյանսկի և Կուրսկի մարզերում տեղի ունեցած պայթյունները «որակվել են որպես ահաբեկչական գործողություն»,-հայտնել է Քննչական կոմիտեն, իսկ Կրեմլը հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է եղել միջադեպերի մասին և ամբողջ գիշեր ստացել է հաղորդագրություններ։