Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ տրանսպորտային կամուրջն է փլուզվել

Քաղաքականություն

01.06.2025 | 10:55

Կուրսկի մարզում կիրակի գիշերը՝ հունիսի 1-ին, կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի անցնելու ժամանակ, ինչի արդյունքում գնացքի մի մասը ընկել է ավտոմոբիլային ճանապարհի վրա, հրդեհ է բռնկվել։ Միջադեպի հետևանքով առնվազն մեկ մեքենավար է վիրավորվել, փոխանցում է DW-ն։

Վթարը տեղի է ունեցել Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կիլոմետրին՝ Ժելեզնոգորսկի շրջանում։ Կամուրջի տակ գտնվող ավտոճանապարհը փակ է, դրա փլուզման պատճառը դեռ չի նշվում։

Սա Ռուսաստանում երկրորդ տրանսպորտային կամուրջի փլուզումն է մեկ օրվա ընթացքում։ Ժամեր առաջ Բրյանսկի մարզում փլուզվել էր ավտոմոբիլային կամուրջ, որի ներքևի հատվածով այդ պահին ուղևորատար գնացք էր անցնում՝ Կլիմովո-Մոսկվա երթուղով։ Գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Վթարի արդյունքում զոհվել է յոթ մարդ, վնասվածքներ են ստացել 69-ը, այդ թվում՝ երեք երեխա, հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։ Վնասվածք ստացածներից երկու մեծահասակ և մեկ երեխա ծանր վիճակում են։ Հոսպիտալացվել է 47 մարդ։

Հետագայում Բոգոմազը հայտարարել է, որ Բրյանսկի մոտ գտնվող կամուրջը պայթեցվել է։

«Գնացքի շարժման ժամանակ, որի մեջ 388 ուղևոր էր, տեղի է ունեցել կամրջի պայթեցում», – ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Leave a Comment