Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես


ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը մայիսի 30-ին այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես:


Համաշխարհային ցուցահանդեսն անցկացվում է դեռ 1851 թվականից՝ ամեն հինգ տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում:


Այն հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները:


Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր: Հակոբ Արշակյանը շրջել է Հայաստանի «Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող տաղավարով:


Այն ներկայացնում է Հայաստանի խոշորագույն նորարարական նախագծերը, պատմամշակութային ժառանգությունը, բարենպաստ ներդրումային պայմանները եւ, իհարկե, ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը:


Տաղավարում ներկայացված են նաև Կառավարության մեգանախագծերը, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»:


Մանրամասն ցուցադրված է Թումոյի միջազգային ցանցը, հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ:


Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում են մարդկության նորագույն ձեռքբերումները տեխնոլոգիաների, առողջապահության, տնտեսության և այլ ոլորտներում: Այս ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են հեռախոսը, հեռուստացույցը, CD-ն և այլ կարևոր հայտնագործություններ, ցուցահանդեսի համար են կառուցվել Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոնդոնի Ապակե պալատը, Բրյուսելի Ատոմիումը և այլն:

Դիտումների քանակ2

Leave a Comment