Ձերբակալությունների նոր ալիք՝ Ստամբուլում — Հայաստանի Հանրային Ռադիո

Կոռուպցիայի հարցով հետաքննության շրջանակներում Ստամբուլի քաղաքապետարանում ձերբակալությունների նոր ալիք է սկսվել : Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 47 կասկածյալի նկատմամբ ձերբակալման օրդեր է տրվել:

Ոստիկանություն է բերվել 30 կասկածյալ: Նրանց թվում են Ստամբուլի երեք խոշոր քաղաքային շրջանների ղեկավարները: Ձերբակալվել են նաև Ստամբուլի քաղաքապետարանի միջին աստիճանի պաշտոնյաներ, քաղաքային կառավարման հետ կապված ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդարանի անդամներ և ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (CHP) ներկայացուցիչներ:

Նրանք բոլորը ներգրավված են Ստամբուլի քաղաքապետարանում կոռուպցիայի հարցով հետաքննության մի շարք դրվագներում՝ կաշառակերության, շորթման և հանցավոր խմբի գործունեությանը մասնակցելու մեղադրանքներով: Կալանավորման որոշում ստացած անձանցից տասնմեկը դեռևս չեն հայտնաբերվել։ Նրանցից մի քանիսը գտնվում են արտերկրում։

Ձերբակալությունների ֆոնին Ստամբուլի քաղաքային իշխանությունները հրամայել են փակել մետրոյի մի քանի կայարան և Թաքսիմ հրապարակի և Իսթիքլալ պողոտայի շրջակայքում գտնվող ֆունիկուլյորի գիծը։ Կայարանները փակ կլինեն շաբաթ օրը՝ ժամը 15:00-ից։

Մարտի 23-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։ Նա գտնվում է Ստամբուլի արևմուտքում գտնվող Սիլիվրի բանտում։ Իմամօղլուն և քաղաքային ղեկավարների մեծ մասը գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության անդամներ են։

Leave a Comment