Գիտե՞ք ինչքան թակարդների ու գայթակղությունների միջով է անցել որևէ հոգևորական, որ հասել է իմ տարիքին. Միքայել Սրբազան – HayqNews

«Հայ եկեղեցին բաղկացած է առողջ տղամարդկանցից։ Դուք ուզում եք առողջ տղամարդկանց փոխարեն հիվանդոտ տղամարդիկ լինե՞ն։ Չեն կարող լինել»,- 24news-ին տված հարցազրույցում ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նա շարունակել է. «Առողջ տղամարդկանց հնարավորություն տվեք, որ կարողանան իրենք իրենց կուսակրոն կյանքը  լիուլի իմաստավորված ապրել։ Գայթակղություններ մի ստեղծեք իրենց համար, թակարդներ մի լարեք իրենց համար, թողեք հոգևորականն ապրի իր սեփական արցունքով և  իր սեփական ցավով։

Իսկ ով մտածում է դա շատ հեշտ է, թող մեկ ամիս ապրի այդ կյանքով։ Մեկ ամիս էլ չէ,  մեկ շաբաթ  թող ապրի այդ կյանով։ Գիտե՞ք ինչքան թակարդների ու գայթակղությունների միջով է անցել որևէ հոգևորական, որ հասել է իմ տարիքին։ Դուք կարո՞ղ եք դա երևակայել»։

Սրբազանի խոսքով, կուսակրոնությունը  ձևական բնույթ չի կրում, նշանակում է՝ «ընտանիք չկազմել, ընտանիք չունենալ»։ 

Միքայել Սրբազանի այս հայտարարություններին էլ հետևել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումները։ 

Դրանցում մեկում նա նշել է. 

«Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։

Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։

Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը եւ հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ»։

Այս գրառումից առաջ նա մեկ այլ գրառում էր էլ արել. «Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։

Leave a Comment