ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն զարմացնում են Ուկրաինայի քաղաքների վրա Ռուսաստանի օդային հարվածները, երբ երկու երկրների պատվիրակությունները խաղաղության բանակցություններ են վարում։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին խոսել է Իլոն Մասկի՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնից հեռանալու կապակցությամբ հրավիրված ասուլիսում, որը տեղի է ունեցել ուրբաթ՝ մայիսի 30-ին։
«Ես տեսա այնպիսի բաներ, որոնք ինձ շատ զարմացրին։ Հրթիռներ արձակվեցին տարբեր քաղաքաների, նաև Կիևի վրա, երբ բանակցություններ էին ընթանում, որոնք, իմ կարծիքով, շատ մոտ էին ավարտին», — ասել է ԱՄՆ նախագահը։
«Ես տեսա այնպիսի բաներ, որոնք ինձ զարմացրին։ Եվ ես չեմ սիրում, երբ ինձ զարմացնում են։ Այնպես որ, ես շատ հիասթափված եմ», — հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփն ասել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվել է առնվազն հինգ հազար մարդ. «նրանց մեծ մասը զինվորներ էին, բայց նրանք նաև մարդիկ էին, որոնք ապրում էին Ուկրաինայի տարբեր փոքր քաղաքներում»։ «Ես ցանկանում եմ, որ այդ ամենը դադարի», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի մասին զրույցը սկսվել է լրագրողներից մեկի հարցից հետո, թե արդյոք Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «լավ թե՞ վատ տղա»։ Լրագրողը նշել է նաև, որ Թրամփի վարչակազմը գործ ունի «շատ համառ Վլադիմիր Պուտինի» հետ։
«Այո», — համաձայնել է Թրամփը։ Եվ անմիջապես հավելել. «Եվ Զելենսկիի հետ։ Զելենսկին նույնպես շատ համառ է»։
ԱՄՆ նախագահն ասել է, որ շատ երկար ժամանակ է ճանաչում Պուտինին և «շատ բաների միջով» է անցել նրա հետ։ Որպես օրինակ Թրամփը հիշեցրել է 2016 թվականի ԱՄՆ ընտրարշավին Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ միջամտության վերաբերյալ ամերիկյան լրատվամիջոցների հետաքննությունները։ ԱՄՆ նախագահը քննադատել է The New York Times-ին, որը իր հետաքննության համար Պուլիցերյան մրցանակ է ստացել, և ընդգծել, որ ինքը դատական հայց է ներկայացրել թերթի դեմ։ Ի վերջո, նա ուղղակիորեն չի պատասխանել տրված հարցին։