Այսօր ամենակարեւորը ՀՀ անվտանգության եւ սուվերենության ապահովումն է. ընկճվել պետք չէ. Ավինյանը՝ Ապարանում

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի  հերսոմարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են, մեր ազգի կամքի ամենակարևոր դրսևումներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ արդեն 7-րդ տարին է՝ մասնակցում է  Բաշ-Ապարանի հերոսամարտի շքերթին։
«Հայաստանի առաջին Հանրապետության տոնը մեր պետության ամենակարևոր տոներից մեկն է։ Այս տոնը խորհրդանշում է այն կամքը, որը ուներ հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին, շատ ծանր ժամանակաշրջանից հետո շատ դժվարին իրավիճակում գտնվելուց հետո մի բռունցքով կարողացավ հայ ժողովուրդը որոշակի հերոսամարտեր կերտել, որոնք հետո հանգեցին նաև առաջին Հանրապետության հիմնմանը։
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ, և այդ խորհուրդը ասում է, որ որևէ ժամանակաշրջան չպետք է մեզ ընկճի, որևէ դժվարություն չպետք է մեզ ընկճի, որովհետև մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ունենում է կամք, նույնիսկ դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելու։ Այսօր մեր ամենակարևոր խնդիրը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, Հայաստանի Հանրապետության սուվերենության ապահովումն է, և այդ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով»,–ասաց նա։

Leave a Comment