Վրաստանի Ներքին գործերի նախարարության ղեկավար և երկրի փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ հրաժարական է տվել։
«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ որոշել եմ հրաժարական տալ Ներքին գործերի նախարարի պաշտոնից», – Գոմելաուրիի խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը։
Գոմելաուրին նշել է, որ այս որոշումը հեշտ չէր և շնորհակալություն է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և հանրապետության կառավարության անդամներին աջակցության և վստահության համար։
«Ավելի քան 10 տարի ես զբաղեցրել եմ Վրաստանի ներքին գործերի նախարարի, պետական անվտանգության ծառայության ղեկավարի և փոխվարչապետի պաշտոնները։ Իհարկե, այդքան տարիներ պետական ամենաբարձր պաշտոններում լինելը շատ աշխատատար աշխատանք է, որը պահանջում է մեծ էներգիա։ Այսօր, երբ երկրում իրավիճակը հանգիստ է, ես թույլ տվեցի ինձ և խնդրեցի թիմին թողնել իմ պաշտոնը, ինչը թույլ կտա ինձ ավելի շատ ժամանակ նվիրել ընտանիքիս՝ կնոջս, երեխաներիս և վերջերս ծնված թոռնիկիս», – ասել է Գոմելաուրին։