Ժողովուրդը կարող է հաղթել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթել, երբ միաբանված է մեկ նպատակով, Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը», – ասված է Կաթողիկոսի ուղերձում։

Հիշեցնելով օրվա խորհրդի մասին՝ Գարեգին Երկրորդը շեշտել է, որ այս տոնական օրը »աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար»։

«Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրավունքների պաշտպանության գործում», – հավելել է Վեհափառ հայրապետը:

Leave a Comment