Մայիսի 27-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր: Արարատ Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել են Հայաստանում և Իրանում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» միջազգային ֆորումների միջև համագործակցության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը: