Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը մասնագետների խմբի հետ այցելել են Գեղարքունիքի մարզ՝ տեղում ուսումնասիրելու «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման նախատեսվող հետագիծը։
Նրանք շրջել են տարածքով, համեմատել նախագծային լուծումները և առկա իրավիճակը, քննարկել նախագծի տեղակապման վերաբերյալ հարցեր։ Շրջայցի մասնակիցները նաև հանդիպել են տարածքում գործող տնտեսվարողների հետ, ներկայացրել ճեմուղու կառուցման դրական ազդեցություններն իրենց գործունեության վրա, պատասխանել նրանց մտահոգող հարցերին և գույքագրել խնդիրները։
Առավել առարկայական դիտարկվել են նաև տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված կոնստրուկտիվ լուծումները և ճեմուղու կառուցման ծրագրի իրագործման հնարավոր սցենարները։
